Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

Կարինեն 56 տարեկան է, ծնվել է Գյումրիում,  աշխատել է նախակրթարանում որպես դաստիարակչուհի, ապա դպրոցում ` որպես հայոց լեզվի ուսուցչուհի: Տասը տարի աշխատել է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանում որպես էքսկուրսավար: Այժմ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրենն է: Փոքրուց սիրել է մշակույթը, կարողանում է շատ լավ ասմունքել: Կարծում է` թանգարանում աշխատելը կարևոր է հատկապես մշակույթը գալիք սերունդներին փոխանցելու, ինչպես նաև այն մեծերին հաղորդելու համար, ովքեր տիեզերքից են հետևում: Նախընտրում է հայկական գրականությունը, հատկապես Իսահակյանին, Սևակին ու Համո Սահյանին: Կյանքում ամենաշատը սիրում է ընտանիքը, որն էլ իր ամենամեծ ձեռքբերումն է: Մարդկանց մեջ սիրում է անկեղծությունը, բարությունն ու նվիրվածությունը: Տկն. Կարինեն ամուսնացած է, ունի չորս որդի: Հինգ տարուց իրեն  տեսնում է Գյումրիում, երևի արդեն տատիկ դարձած: Կյանքում ամենամեծ ոգեշնչումն է համարում երեխաներին, հատկապես կարևորում է, որ գնահատված է որպես կին, որ լավ տղամարդկանցով է շրջապատված: Իսկ աշխատանքում տկն. Կարինեին ոգեշնչում են իր կոլեգաները, որոնց շատ սիրում է, ու առանց նրանց չի պատկերացնում իր աշխատանքը: Կարծում է, որ Իսահակյանն ու Մհեր Մկրտչյանը երկնքից միշտ իրեն օգնում են: Ամեն անգամ աշխատանքի գնալիս բարևում է Իսահակյանին, ում նկարը փակցված է իր աշխատասենյակում, իսկ տուն վերադանալիս պարտադիր հիշեցնում, որ վաղն էլի վերադառնալու է: Հուսահատվում է քաղաքի դատարկությունից: Տխրում է, որ իր սիրելի հատվածները Գյումրիում էլ չկան. երկրաշարժն ավերել էր:

Բոլորին վստահեցնում է, որ Գյումրու թատրոնը պարզապես հրաշալի է, ու բոլորին խորհուրդ է տալիս այցելել հենց թատրոն: Ըստ տկն. Կարինեի` ուրիշը Գյումրիից կտանի ջերմություն: Իսկական գյումրեցին պիտի լինի ջերմ, անկեղծ ու հյուրընկալ: Կուզենար Գյումրին տեսնել իր մանկության թևերով: Իսկ ամենանախընտրելի վայրերը, որոնք կուզենար այցելել տկն. Կարինեն, այն նույն վայրերն են, որոնք Իսահակյանն ինքն է այցելել:


Գոհարը 63 տարեկան է, ով իր միջին մասնագիտական կրթությունը ստացել է թեթև արդյունաբերության ոլորտում:  Ամուսնացած է, ունի երեք երեխա, վեց թոռնիկ: Տկն. Գոհարի ամենամեծ ձեռքբերումը կայուն ընտանիքն է, ամենամեծ ոգեշնչումը` երեխաները: Կցանկանար ապրել և աշխատել ԱՄՆ-ում, որպեսզի օգներ երեխաներին: Թանգարանում աշխատում է արդեն տասներեք տարի: Թանգարանում ամենասիրելի տարածքը բակն է, որն էլ ինքն է մշակում: Ըստ տկն. Գոհարի` իսկական գյումրեցին պիտի լինի թասիբով, նամուսով ու պատվով, և հենց այս հատկանիշներն էլ համարում է Գյումրուն ու գյումրեցուն յուրահատուկ: Գյումրիում սիրում է ամեն ինչը և հպարտանում է գյումրեցի լինելով: Ամենասիրելի անկյուն չունի քաղաքում, ամեն մի անկյունն էլ սիրում է: Մարդկանց մեջ կփոխեր ագրեսիան: Կյանքում ամենաշատը սիրում է երեխաներին ու թոռներին:


Կլարան 57 տարեկան է,  մասնագիտությամբ ինժեներ է: Չնայած աշխատել է նաև մասնագիտությամբ, բայց անգլերենի գիտելիքները ուղղորդել են <<Ստիլ>> պատկերասրահ, որտեղ էլ աշխատել է տասնվեց տարի: Արդեն երեք տարի է, ինչ տկն. Կլարան աշխատում է Իսահակյանի տուն-թանգարանում: Ամուսնացած է, ունի երկու զավակ:  Հինգ տարուց իրեն պատկերացնում է կրկին Գյումրիում, որտեղ էլ հոգ կտանի իր թոռնիկների մասին: Նպատակներից մեկն է տեսնել իր թոռնիկներին արդեն այս կյանքում կայացած:

Սիրում է զբաղվել ձեռագործությամբ: Նախընտրում է հայ գրակունթյունը, չնայած ավելի վաղ տարիքում սիրում էր ամերիկյան գրականություն: Եթե ոչ Գյումրիում, ապա էլի կապրեր Գյումրիում: Սիրում է Գյումրու փողոցները: Կարևորում է մարդկանց լավ ապրելակերպը, որն էլ նրանց ավելի ժպտերես կդարձնի: Ըստ տկն. Կլարայի` գյումրեցին պիտի լինի պատվախնդիր և թասիբով: Կյանքում ամենաշատը սիրում է բարությունը, որը սակայն պակասում է այսօր: Առհասարակ մարդկանց խրախուսում է լինել գյումրեցու նման աշխատասեր:


Ռուզաննան 66 տարեկան է,  չնայած մասնագիտությամբ ինժեներ է,  սակայն վաղուց աշխատում է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում: Ամուսնացած է, ունի երկու աղջիկ, չորս թոռ և երկու ծոռ: Հինգ տարուց իրեն պատկերացնում է կրկին իր ընտանիքի և երեխաների հետ, ովքեր էլ իր կյանքի մեծագույն ձեռքբերումներն են: Տկն. Ռուզաննան նշում է, թե քանի մարդն ապրում է,  անպայման նպատակներ կունենա: Ինքն իսկ իր սեփական ոգեշնչողն է: Ըստ տկն. Ռուզաննայի` գյումրեցին  միշտ յուրահատուկ է ու հումորով: Եթե ոչ Գյումրիում, ուրեմն էլի Գյումրիում կցանկանար ապրել: Ամենասիրելի վայրը Գորկու այգին է: Զբոսաշրջիկներին էլ խորհուրդ է տալիս շրջել քաղաքի բոլոր մասերով:  Կցանկանար Գյումրին տեսնել ավելի մաքուր, խաղաղ ու հանգիստ, իսկ կյանքում կփոխեր մարդկանց հոգեբանությունը:


Ռուզաննան 26 տարեկան է, ով թանգարանում աշխատում է որպես էքսկուրսավար: Մասնագիտությամբ պատմաբան է, չնայած մանուկ հասակում երազում էր դառնալ բժշկուհի:

Ամուսնացած է, ունի մեկ բալիկ: Ընտանիքը համարում է կյանքի ամենամեծ ձեռքբերումը: Ոգեշնչողը հայրն է: Ամենաշատը վախենում է պատերազմային իրավիճակներից:

Գյումրիում ամենաշատը սիրում է Վարդանանց հրապարակը: Նույնիսկ չի մտածել, թե որտեղ կուզենար ապրել, եթե ոչ Գյումրիում: Սիրելի երկիրը Կանադան է, քանի որ այն ավելի ժողովրդավարական է: Սիրելի գույնը սպիտակն է, քանի որ այն մաքուր ու ջինջ է: Սիրում է երաժշտություն լսել, գիրք կարդալ, հատկապես սիրում է Ավ. Իսահակյանին ու Հովհ. Թումանյանին: Գյումրեցիների մեջ սիրում է հյուրասեր լինելը: Ըստ Ռուզաննայի` իսկական գյումրեցին պետք է լինի հայրենասեր: Ամենամեծ ցանկությունն այն է, որ աշխարհում խաղաղություն լինի: Իսկ մարդկանց մեջ ամենաշատը գնահատում է մաքրությունը: