Արհեստ
Արհեստներ
Գյումրի քաղաքը միշտ հայտնի է եղել իր վարպետ արհեստավորներով, և պատահական չէ, որ այն անվանել են «արհեստների քաղաք»:
Ալեքսանդրապոլի ժամանակահատվածում մարդկանց հիմնական զբաղմունքը արհեստն էր: 1839թ.-ին շատ ընտանիքներ Կարինից եկան Ալեքսանդրապոլ և իրենց հետ բերեցին շատ նոր արհեստներ: 19-րդ դարի երկրորդ կեսին քաղաքն արհեստավորների թվով գերազանցե էր Երևանին և ունեցել է 28 համքարություն ու 2600 արհեստավոր, իսկ արհեստների թիվը հասել է 100-ի:
Արհեստները Ալեքսանդրապոլում տեղաբաշխված էին առանձին թաղերում և փողոցներում՝ կազմելով շարքեր: Այդ թաղերն ու փողոցները կոչվել են արհեստների անունով (սապոգչնոց, փափախչնոց):
Քաղաքի «Բեզբենդ» և «Մալի մեյդան» շուկաների միջև գտնվել է արհեստավորների շուկան, որն ալեքսանդրապոլսեցիների կողմից կոչվել է «Չորսու»:
Ալեքսանդրապոլում ամենատարածված արհեստներն են եղել քարտաշությունը, պատշարությունը, հյուսնությունը, դարբնությունը, պղնձագործությունը, ոսկերչությունը, զինագործությունը, հայտնի են եղել թիթեղագործները, գդակակարները, դերձակներն ու կոշկակարները, անվագործները, մեխ շինողները, քար կտրողները և այլն: Արհրեստավորներից շատերի ազգանունները առաջացել են հենց իրենց արհեստներից` Բրուտյան(բրուտ), Դալլաքյան(դալլաք), Դուրգարյան(դուրգար), Դարբինյան (դարբին), Բիչախչյան (բիչախճի):
Վարպետ արհեստավորները մեծ հարգանք ու պատիվ են վայելել , քանի որ ապրուստը հայթայթել են մեծ դժվարությամբ ու մինչև ուշ գիշեր աշխատելով:
Քաղաքը պահպանել էր իր արհեստավորական բնույթը մինչը 1920-ականները, երբ քաղաքը վերափոխվեց արդյունաբերականի: Չնայած արհեստների դերը նվազել է, արհեստի որոշ ճյուղեր պահպանել են երբեմնի իրենց ճանաչումն ու համբավը: Այսօր էր որոշ արհեստներ հարգի են Գյումրիում:
