Երանուհի Ասլամազյան

Երանուհի Ասլամազյան

Հայ նկարչոււհի Երանուհի Արշակի Ասլամազյանը ծնվել է Գյումրու մոտակայքում գտնվող Բաշ-Շիրակ գյուղում (1910, ապրիլի 15 (28)- 1998, փետրվարի 4):

Նա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի քույրն է։

1943թ.-ին նա տեղափոխվում է Մոսկվա և ապրում է այնտեղ մինչև իր կյանքի վերջ,սակայն  մշտապես պահպանել է կապը Հայաստանի հետ, պարբերաբար այցելել ու շրջագայել երկրով մեկ, նկարել հայրենիքն ու այն կառուցող մարդկանց կյանքին նվիրված աշխատանքներ` բնանկարներ, նատյուրմորտներ ու դիմանկարներ: Նկարչուհու սերն ու հավատը հայրենիքի անցյալի ու ներկայի հանդեպ մարմնավորում են տարածական լայն ընդծում ունեցող համայնապատկերում: Դեպի երկինք ձգվող արևակեզ ու խստաշունչ լեռներն ու ձորերը Երանուհու  նկարներում կենդանություն են ստանում գյուղական աշխատանքի պատկերներով ու ժանրային այլ մոտիվներով: Նշանավորներից են <<Վարդագույն Արարատը>>, <<Սևանի սպիտակ ժայռերը>>, <<Խաչքար լեռներում. Էլեգիա>>, << Հայկական գյուղ. Հաղպատ >>, <<Իմ Հայաստան>> կտավները: Հայրենիքի թեման շարունակվում է երկիրը կառուցող դիմանկարներում և ազգային գունեղ միջավայրի, հայկական կենցաղի, բերք ու բարիքի մոտիվներից կազմված նատյուրմորտներում:

Ե.Ասլամազյանի արվեստում կարևոր տեղ են գրավում աշխարհի բազմաթիվ երկրներում ճամփորդությունների ու ստեղծագործական այցելությունների տպավորություններից ծնված գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, ինչպես նաև խեցեգործական աշխատանքները:

Նրա ստեղծագործությունները գտնվում են տարբեր երկրների (Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Իտալիա, Բուլղարիա, Ճապոնիա, Չինաստան և այլն) շուրջ յոթանասուն թանգարաններում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում:

Խորհրդային շրջանի նշանավոր նկարիչներից էր Երանուհու ավագ քույրը` Մարիամ Ասլամազյանը, որի հետ Երանուհին աշխատել է և մասնակցել է Խորհրդային միության ու նրա սահմաներից դուրս կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսների: Նկարչուհիները իրենց ստեղծագործությունների մի մասը նվիրաբերել են Հայաստանին, որի հիման վրա 1987-ին Գյումրիում բացվել է Ասլամազյան քույրերի թանգարանը:

Երանուհի Ասլամազյանի պատկերասրահ