<<Շիրակ>> ֆուտբոլային ակումբ

<<Շիրակ>> ֆուտբոլային ակումբ

Արտյոմը 26 տարեկան է, ով մանկուց երազում էր դառնալ ֆուտբոլիստ: Սկսել է զբաղվել Ֆուտբոլով վեց տարեկանից, հենց բակում խաղալն էլ նրան տարավ դեպի հետագա մասնագիտությունը: <<Շիրակ>>-ում խաղում է որպես պաշտպան: Ամուսնացած է, ունի մեկ դուստր: Նպատակներից մեկն է հանդես գալ ավելի մեծ առաջնություններում, ինչպես նաև երբևէ տեղափոխվել ազգային հավաքական: Նախընտրելի ակումբը <<Ռեալ Մադրիդ>>-ն է: Ոգեշնչվում է Աստծուց և ընտանիքից: Ըստ Արտյոմի` իսկական գյումրեցին պիտի լինի թասիբով: <<Գյումրին յուրահատուկ է մեր թիմով>>,- ժպտում է Արտյոմը: Չնայած նաև նշում է, որ Գյումրին առանձնահատուկ է իր մարդկանցով: Ամենասիրելի փողոոցը Գյումրիում Սայաթ-Նովա փողոցն է: Հինգ տարուց իրեն կցանկանար տեսնել որևէ եվրոպական թիմում խաղալիս: Ազատ ժամանակ կամ վիդեո խաղերով է զբաղվում, կամ շփվում իր բալիկի հետ: Մարդկանց հավատացնում է, որ միշտ պետք է գնալ երազանքների հետևից:


Աղվանը 27 տարեկան է, ով <<Շիրակ>>-ում խաղում է որպես պաշտպան: Մանկուց իրեն միայն պատկերացրել է ֆուտբոլում, թեպետ դպրոցում առարկություններ կային, այդ իսկ պատճառով Աղվանը ընտրեց աշխարհագրությունը` որպես երկրորդ մասնագիտություն: Ազատ ժամանակը սիրում է անցկացնել ընկերների հետ: Սիրում է նաև խաղալ թենիս: Ընտանիքն իր ծնողներն են, իրենից մեծ երկու եղբայրները: Հինգ տարուց իրեն տեսնում է կրկին Գյումրիում: Սիրելի երկիրն Անգլիան է: Փոքր տարիքից դեռ սիրել է <<Մանչեսթեր Յունայթեդ>>-ը, և սա այն ֆուտբոլային ակումբն է, որում կցանկանար հանդես գալ: Սիրում է երաժշտությունը, հատկապես սիրում է Արթուր Մեսչյանին: Չի սիրում սողուններին: Ըստ Աղվանի` իսկական գյումրեցին հյուրասեր է ու տաղանդավոր: Կարծում է, որ Գյումրին առանձնանում է իր բարբառով: Կարծում է, որ Գյումրուն պակասում է ուշադրությունը քաղաքի նկատմամբ: Ամենասիրելի վայրը քաղաքում հենց իրենց մարզադաշտն է: Բոլորին խորհուրդ է տալիս շրջել Կումայրի արգելոցով, ինչպես նաև այցելել քաղաքի թանգարանները:


Արամը 22 տարեկան է, ով <<Շիրակ>>-ում խաղում է որպես հարձակվող: Ընտանիքում ապրում է ծնողների ու երկու քույրերի հետ: Ազատ ժամանակն անցկացնում է ընկերների հետ: Կարծում է, եթե նույնիսկ աշխատանքի բերումով ապրի այլ երկրներում, միևնույն է, ամենաշատն ուզում է ապրել Գյումրիում: Ամենասիրելի ֆուտբոլային ակումբը <<Ռեալ Մադրիդ>>-ն է, որում էլ կցանկանար հանդես գալ: Վախեր չունի: Ընտանիքն իր ամենամեծ ոգեշնչումն է: Սիրում է երաժշտություն լսել: Դպրոցում ամենասիրելի առարկաները պատմությունը և մաթեմատիկան էին: Իսկ այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի իսկական գյումրեցին, Արամը պատասխանց, որ չի կարևորում գյումրեցի լինել կամ չլինելը, ավելի կարևոր է համարում մարդու մարդ լինելը:


Առլենը 18 տարեկան է: <<Շիրակ>>-ում խաղում է որպես հարձակվող: Մանուկ հասակից երազել է դառնալ ֆուտբոլիստ: Վեց տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով: Ըստ Արմենի` ֆուտբոլը յուրահատուկ սպորտ է ու ամեն մարդ չի կարող խաղալ ֆուտբոլ: Ազատ ժամանակը ընկերների հետ է անցկացնում: Ապրում է ծնողների և երկու եղբայրների հետ: Ամենասիրելի ֆուտբոլային ակումբը <<Բարսելոնա>>-ն է: Ըստ Առլենի` խաղի ժամանակ երկրպագուները միանշանակ օգնում են ֆուտբոլիստներին: Վախեր չունի: Գյումրիին ու գյումրեցիներին հատուկ է համարում թասիբը: Դպրոցում ամենասիրելի առարկան աշխարհագրությունն է: Հինգ տարուց իրեն կուզենար տեսնել Եվրոպայում: Եթե ոչ իր հարազատ քաղաքում, ապա կուզենար լինել Լոնդոնում:


Լյովան 17 տարեկան է: Ապրում է ծնողների ու տատիկի հետ, ունի նաև ամուսնացած քույրիկներ: <<Շիրակ>>-ում խաղում է որպես հարձակվող: Ֆուտբոլով է զբաղվում արդեն ութ տարի: Ամենամեծ ոգեշնչումն իր ընտանիքն է համարում: Ամենասիրելի ֆուտբոլային ակումբը <<Արսենալ>>-ն է, որտեղ էլ կուզեր խաղալ: Սիրելի զբաղմունքներից է երաժշտություն լսելը: Սիրելի քաղաքը Լոնդոնն է:: Ըստ Լյովայի` իսկական գյումրեցին հումորով է: Գյումրին յուրահատուկ է համարում իր հնություններով: Ամենասիրելի հատվածը Գյումրիում կենտրոնն է: Կուզենար վերացնել արտագաղթը: Հինգ տարուց իրեն կուզենար տեսնել Եվրոպայում, իհարկե միայն աշխատանքի բերումով:
Մարդու մեջ փնտրում է բարություն: Կարծում է, որ ընկերների հետ պարզ և անկեղծ է: Կյանքում ամենից շատ սիրում է ֆուտբոլը: