Խոհանոց
Գյումրու խոհանոց
Հատուկ ուտեստներ
Գյումրու ավանդական խոհանոցը հայտնի է իր տարբեր տեսակի ապուրներով, փլավներով ու շիլաներով, որոնք կոչվում են բաղկացուցիչ հիմնական մասի անունով` ոսպով փլավ, բլղուրով փլավ, բրնձով փլավ, չորթանով փլավ, չրով թիրիթ, շաղգամով յայնի, կորկոտապուր, պոչով ապուր, թանով ապուր, հառլապուր և այլն:
Հատուկ կերակրատեսակները իրենց մեջ ներառում են թաթար բորակին, տոլման, սաթրի քյուֆթան, ղազան խորովածը, թավա քիֆթավասին, չանաղը, թավան և այլն:
Հայկական ավանդական խաշը գյումրեցիների սիրելին է: Խաշը իր մեջ ամփոփում է և դարեդար փոխանցում է ավանդական պատրաստման իր յուրահատուկ բանաձևը: Այն պատրաստվում է կովի ոտքերից և ստամոքսից և մատուցվում է տարբեր բաղկացուցչների հետ՝ սխտոր, աղ, բողկ, դեղին պղպեղ, լավաշ, հանքային ջուր: Խաշի անմասն տարրն է օղին:
Ավանդական խաշը մատուցվում է առավոտյան ժամը 7-ից 10-ը: Դարեր առաջ, երբ հարուստ մարդիկ մորթում էին կենդանիներին, նրանք վերցնում էին միսը և դեն էին նետում ոտքերը, իսկ աղքատ մարդիկ վերցնում էին դրանք, պատրաստում և ուտում վաղ առավոտյան, որպեսզի ոչ ոք չտեսնի:
Աղանդեր
Գյումրու ավանդական աղանդերի հավաքածուն իրենից ներկայացնում է տարբեր անուշաբույր և համեղ քաղցրավենքների մի խումբ: Ավանդական գաթան, փախլավան, շաքար լոխումը, շաքար չորակին բոլորի սիրելին են:
Գյումրի այցելության ժամանակ անպայման խորհուրդ է տրվում օգտագործել քաղաքի խորհրդանիշներից մեկը համարվող ավանդական յաղլին՝ յուղով պատրաստված ու երեսին շաքարի փոշի ցանած խմորաթերթիկը:
Խմիչքներ
Գյումրին գարջրի սիրահարների քաղաք է: Գարեջուրը Ալեքսանդրապոլի ժամանակներում ամենաշատ օգտագործվող խմիչքներից էր:Քաղաքում մեծ թիվ էին կազմում պանդոկները, գինետները (միկիտան) և գարեջրատներն ու կրպակները, որտեղ արհեստավորները` աշխատանքից հետո կամ ընդմիջմանը և տարբեր գործերով քաղաք եկած հյուրերը հավաքվում էին:
Հայկական գարեջրի արմատները վերագրվում են դեռևս Մ.Թ.Ա. 4-րդ դար, որի մասին գրել է հույն պատմիչ Քսենոֆոնը իր <Անաբասիս> աշխատությունում:
Այս տարածաշրջանում գարեջրի առաջին գործարանը կառուցվել է 1898թ.-ին Ծաղիկյանների կողմից: Ներկայումս <Գյումրի գարեջուր> ընկերությունը (1970թ.) Հայաստանում գարեջրի ամենախոշոր արտադրողներից է:
Քաղաքային կենցաղում լայնորեն տարածված էին նաև սուրճը (սև սուրճին զուգահեռ օգտագործում էին բոված-աղացած գարուց պատրաստված ըմպելիքը` «ղայֆան») և թեյը, որոնցով հյուրասիրում էին հյուրերին ընտանեկան տոների ու արարողությունների ժամանակ: Տղամարդիկ սիրում էին սուրճ խմել նաև սրճարաններում (ղայֆախանա) և համքարական ակումբներում (կլուբներ), որտեղ զրուցում էին քաղաքականությունից, քաղաքի անցուդարձից, գործարքներ էին կնքվում, կամ, որն ավելի ընդունված էր` ունկնդրում էին հայտնի աշուղների երգերը:
Ամանորի սիրված ըմպելիքը չրի կոմպոտն էր, որը մինչ օրս պահպանվել է գյումրեցիների կենցաղում: