Պատմություն

Պատմություն

Գյումրին Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքն է, եւ Շիրակի մարզի կենտրոնն է, որ գտնվում է երկրի հյուսիս-արեւմտյան մասում:  Իր երեքհազարամյա պատմությամբ լինելով Հայաստանում ամենահին բնակավայրերից մեկը՝ Գյումրին մի հրաշալի վայր է այցելելու եւ հիանալու համար: Քաղաքի անունը մի քանի անգամ փոխվել է: Ի սկզբանե հիմնադրվել է որպես Կումայրի, ապա վերանվանվել Ալեքսանդրապոլ 1837-ից 1924 թվականների ընթացքում ռուսական կառավարության ներքո: Ապա սովետական ժամանակաշրջանում կոչվել է Լենինական, իսկ 1990թ.-ից անվանվել Գյումրի:

Յուրաքանչյուր անունն իր հետ բերել է պատմության նոր շրջան, նոր քաղաքակրթություն եւ նոր մարդիկ:

Կումայրի. մի հին բնակավայր Քսենեֆոնի ճանապարհին

Գյումրիի տարածաշրջանը հիշատակվում է որպես Կումայրի պատմական ուրարտական արձանագրություններում, որ ժամանակագրվում են մ.թ.ա. ութերորդ դարի: Ներկայիս Գյումրիի տարածքում առաջին բնակավայրը հիմնադրվել է մ.թ.ա. հինգերորոդ դարում հույն գաղութարարների կողմից: Մեկ այլ տեսություն առաջարկում է, որ քաղաքը հիմնադրվել է կիմերների կողմից՝ հիմնվելով այն փաստի վրա, որ կիմերները գրավել են այդ տարածաշրջանը մ.թ.ա. 720 թվականին, և քաղաքի անունը եղել է Կումայրի, որն էլ կրում է նմանություններ հին հայերենում կիմերներին տրված անվան:  Պատմաբանները հավատում են, որ Քսենֆոնն անցել է Գյումրիով Սև Ծով վերադարձի ճանապարհին, որի մասին պատմությունն էլ անմահացրել է Անաբասիս աշխատությունում: Միջին դարերում Կումայրին հայտնի էր որպես խոշոր և կարևոր բնակավայր:
Լինելով մի քանի թուրքական ցեղախմբերի և պարսկական արքայատոհմերի լծի տակ՝ քաղաքը կորցրել է իր նշանակությունը հաջորդ դարերի ընթացքում մինչև տասնիններորդ դարը:

Ալեքսանդրապոլ. Ռուսների առաջին քայլերը Արևելյան Հայաստանում

Գյումրիի և շրջակա տարածքները դարձան Ռուսական Կայսրության մի մասը 1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո: Ռուսները քաղաքը վերցրին 1804 թվականին՝ 25 տարի ավելի վաղ, քան Արևելյան Հայաստանի մնացած մասերը: Ռուսական ղեկավարման ժամանակաշրջանում Գյումրին դարձավ Անդրկովկասի ամենածաղկուն քաղաքներից մեկը: 1829 թվականին ռուս-թուրքական պատերազմից հետո հայերի մեծ հոսք եղավ, քանզի մոտ 3000 ընտանիքներ գաղթեցին Օսմանական Կայսրության տարածքներից՝ մասնավորապես Կարսից, Էրզրումից, և այլ քաղաքներից, և տեղավորվեցին Գյումրիում ու քաղաքի մերձակա տարածաշրջաններում: Ռուս պոետ Ալեքսանդր Պուշկինն այցելեց Գյումրի 1829 թվականին Էրզրում կատարած իր ճանապարհորդության ընթացքում:

Ալեքսանդրապոլ. Լավագույն ժամանակաշրջանը

1837 թվականին ռուս ցար Նիկոլայ Առաջինը այցելում է Գյումրի և, ի պատիվ իր կնոջ Ալեքսանդրիա Ֆյոդորովնայի, քաղաքն անվանակոչում է Ալեքսանդրապոլ: Նույն թվականին մեծ ռուսական ամրոց է կառուցվում այս վայրում: Ալեքսանդրապոլը պաշտոնապես քաղաքի կարգավիճակ է ձեռք բերում 1840 թվականին և դառնում նոր հիմնադրված Ալեքսանդրապոլ Ույեզդի կենտրոնը, և սկսում է արագ աճել և զարգանալ որպես տարածաշրջանային կենտրոն:
Ալեքսանդրապոլը դառնում է ռուսական զորքերի խոշորագույն կենտրոններից մեկը 1877–78 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ: 1899 թվականին երկաթուղու հիմնադրումից հետո Ալեքսանդրապոլը զգալի աճ է գրանցում՝ դառնալով Արևելյան Հայաստանի ամենախոշոր քաղաքը: Մինչև տասնիններորդ դարի վերջը Ալեքսանդրապոլն արդեն ուներ 430 առևտրի կենտրոններ, ինչպես նաև մշակութային ինստիտուտներ: Քաղաքը հայտնի էր իր եկեղեցիներով և գուսաններով, ովքեր ժողովրդական երգահաններ և կատարողներ էին:

Ալեքսանդրապոլ. Որբերի քաղաք

Օսմանյան Կայսրության տարածքում հայոց ցեղասպանությունը և զանգվածային տեղահանումները հազարավոր գաղթականների, հատկապես ծերերի, կանանց և երեխաների ուղարկեցին դեպի Արևելյան Հայաստան, որտեղ Թուրքիային ամենամոտ սահմանային քաղաքը Ալեքսանդրապոլն էր՝ կայուն զարգացած կենտրոն և ռուսական կայազորի պաշտապանության ներքո գտնվող քաղաք: Բացի ռուսների պաշտպանությունից քաղաքը նաև երկաթուղային կենտրոն էր, որը ապրանքների փոխանակումն ավելի արագ և հեշտ էր դարձնում: Ընդունելով Արևմտյան Հայաստանից գաղթած հազարավոր մարդկանց՝ Ալեքսանդրապոլը դարձավ 3 որբանոցների մի մեծ համալիր, որտեղ ապրում էին մոտ 22,000 որբ երեխաներ: Գաղթականների մեծ քանակից ելնելով՝ որոշում է կայացվում Կազաչի, Սվերսկի և Պոլիգոնի զինվորական պոստերի շինությունները, որ դատարկ էին մնացել,  կիրառել որպես որբանոցներ: Մոտ 170 կառույցներ դարձան որբանոցների ննջարաններ:

Լենինական. Սովետական երկրի ինժեներական ուղեղը և արդյունաբերական կենտրոնը

Հայաստանը միանգամից ընդունեց Սովետական կարգերը 1920 թվականի վերջին  որպես պաշտպանություն թուրքական հարձակումներից:  Սովետական իշխանության ներքո քաղաքը անվանվեց Լենինական` 1924 թվականին սովետական ղեկավար Վլադիմիր Լենինի պատվին:
Ալեքսանդրապոլի ավանդույթներին հավատարիմ մնալով, որտեղ 1902 թվականին բացվել էր առաջին բանկը, և քաղաքն ուներ 31 ձեռնարկատիրական կենտրոններ, ներառյալ գարեջրի, օճառի, տեքստիլի և այլն, Լենինականը դարձավ խոշորագույն արդյունաբերական կենտրոն և երկրորդ քաղաքը մայրաքաղաք Երևանից հետո:
Քաղաքի տնտեսության վերակագնման առաջին քայլերը ձեռնարկվեցին 1920-1930 թվականներին: Երկաթուղային հարուստ ժառանգություն ունեցող քաղաքում էլեկտրական գնացքները ներմուծվեցին 1953 թվականին, և 1965 թվականին կառուցվեց լոկոմոտիվ կայարանը: Շատ կարճ ժամանակում Լենինականը դարձավ թեթև և սննդի  արդյունաբերության կենտրոն, որտեղ 1924 թվականին արդեն հիմնվել էր տեքստիլի գործարանը, 1942 թվականին ներկի գործարանը, իսկ 1975 թվականին բամբակի մանվածքային միությունը, որ կոչվում էր <<Մայիսյան Ապստամբություն>>: Միևնույն ժամանակ հիմնադրվեց նաև <<Լենկոշը>>:

Ծանր արդյունաբերության ոլորտում գործում էին <<Ստրոմմաշ>>, հանքարդյունաբերական մեքենաների գործարանը, էլեկտրական սարքավորումների, հեծանիվների, գալվանոմետրերի, սառնարարնների և մի շարք այլ գործարաններ, որ հիմնադրվել էին 1950-1960 թվականներին:
Քաղաքում 1931 թվականին կառուցվել էր օդանավակայանը, իսկ 1960 թվականին տրոլեյբուսները դարձան քաղաքային տրանսպորտի կարևորագույն մասը:
Քաղաքում արդյունաբերական կենտրոնները թիվը հասավ 54-ի, որտեղ աշխատում էին 48000 մարդ՝ 1988 թվականի հունվարի 1-ի դրությամբ:

Լենինական. Դեկտեմբեր 1988, Կործանված և Կիսամեռ

<<Ընդամենը>> 6,8 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ էր, սակայն վնասը կործանիչ էր: Լենինականը՝ ծաղկուն արդյունաբերական քաղաքը, ավերվեց ընդամենը 20 վայրկյանում: 17,000 զոհ, հազարավոր վիրավորներ, և անտուն մնացածներ: Բնական աղետից պահանջվեց ընդամենը մի քանի վայրկյան, որ ավերեր տասնյակ գործարանները, հարյուրավոր ճարտարապետական, մշակութային և պատմական կոթողներ, հասարակական կառույցներ և արդյունաբերական համալիրներ: Վերականգման ծախսը գնահատվեց ավելի մեծ, քան Չեռնոբոլի աղետի ժամանակ էր գնահատվել:

Գյումրի. աղետի գոտուց վերականգնման գոտի

Լենինանականի վերանվանումը Գյումրի կապված է անկախության հետ, երբ քաղաքը իր վրա կրեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ամենածանր ու ամենադաժան հետևանքաները և արդեն նոր սկսված Արցախի ազատամարտերի ազդեցությունը: 1992 թվականից քաղաքը ապրում էր դժվարին պայմաններում՝ կորցրած լինելով իր բնակարանային ֆոնդի 60%-ը: Գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը հարված հասցրեց քաղաքային կյանքին: Վառելիքի պակասի պատճառով հասարակական տրանսպորտային փոխադրումները դադարեցվեցին: Փակվեցին կամ իրենց գործունեությունը գրեթե դադարեցրին քաղաքի բոլոր գործարանները:

Դրական փոփոխություններ իրականացվեցին 1999-2002 թվականների ընթացքում, երբ կառավարությունը  ընդունեց Աղետի գոտու վերականգնման և զարգացման համալիր ծրագիրը:
Այս ընթացքում Լինսը, Հանթսմենը և Կարմիր Խաչը սկսեցին իրենց նախագծերը: Ջոն Հանթսմենի նախաձեռնությամբ Գ. Նժդեհ փողոցի վրա ձևավորվեց փոքր թաղամաս: Լինսի և Կարմիր Խաչի հիմնադրամների նախաձեռնությամբ մոտ երկու տասնյակ բնակարանային շենքեր վերակառուցվեցին, ճանապարհներ ասֆալտապատվեցին, Վ. Աճեմյանի անվան թատրոնը վերանորոգվեց, ինչպես նաև Ասլամազյան քույրերի թանգարանը և այլ հասարակական կառույցներ: Նույն ժամանակահատվածում զգալի աշխատանքներ տարվեցին դպրոցաշինության, առողջապահության և սպորտային կառույցների ուղղությամբ:
Արդեն 2008 թվականին նախագահ Ս. Սարգսյանը իրականացրեց Աղետի գոտում բնակարաշինության ծրագիրը, որի արդյունքում մոտ 3000 ընտանիքներ ապահովվեցին բնակարանով:

Գյումրի. մշակույթի, նորարարության և տեխնոլոգիական վերածնվող կենտրոն

Գյումրին միշտ եղել է մշակույթի և նորարարության քաղաք: Այն հնում համարվել է արվեստի և արհեստի կենտրոն:  Այն տաղանդավոր արվեստագետների, գրողների և արհեստավորների օրրան է: Գյումրիում է ցուցադրվել առաջին օպերան՝ Արմեն Տիգրանյան <Անուշ> օպերան 1912թ.-ին Ալեքսանդրապոլում:

1988 թվականի երկրաշարժը ավերեց հարյուրավոր արվեստների դպրոցներ և մշակութային կենտրոններ: Երկրաշարժից հետո գյումրեցիները մեծ ջանքերով փորձում էին վերականգնել մշակութային և նորարարական ավանդույթները վերածնվող քաղաքում: Վերջիվերջո, 2013 թվականին Գյումրին վերականգնեց իր մշակութային մայրաքաղաքի տիտղոսը և ճանաչվեց ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք:

Բացի արհեստից և արվեստից տեխնոլոգիական ոլորտը նույնպես դարձել է քաղաքի կարեւորագույն մասը: Դեռևս  Սովետական միության տարիներին քաղաքը մեխանիկական ինժիներիայի  և որակավորված մասնագետներ պատրաստող կենտրոն էր:  Հայաստանի Կառավարության, ՁԵռնարկությունների զարգացման ինկուբատոր հիմնադրամի համատեղ ջանքերով և Համաշխարհային բանկի աջակցությամբ 2014 թվականին Գյումրիում բացվեց Տեխնոլոգիական կենտրոն, որի հիմնական նպատակն է զարկ տալ քաղաքում տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը և համապատասխան պայմաններ տրամադրել ստարթափ ընկերությունների զարգացման համար: