Պոնչիկ-Մոնչիկ Ընտանեկան Սրճարան

Պոնչիկ-Մոնչիկ ընտանեկան սրճարան

Արմենուհին, ով մասնագիտությամբ տնտեսագետ հաշվապահ է, աշխատում է <<Պոնչիկ-Մոնչիկ>> սրճարանում և հաճույքով է կատարում իր աշխատանքը: Չնայած մանուկ հասակում նա երազում էր դառնալ բուժքույր, բայց ասեղից վախը նրան ստիպեց հրաժարվել այդ մտքից: Արմենուհու կարծիքով ամենամեծ ձեռքբերումը կյանքում իր տասնվեցամյա դուստրն է, ում երազանքներն ու նպատակներն իրականություն դարձնելու դեպքում իրեն լիարժեք կզգա: Գյումրին համարում է <<արվեստների և արհետսների քաղաք>>: Նա կարծում է, որ Գյումրիում զբոսաշրջիկները կընկերանան քաղաքի բնակիչների հետ: ԵՎ բոլորին խորհուրդ է տալիս այցելել Գյումրու թատրոն ու թանգարաններ, ինչպես նաև սրճարաններ ու ժամանցի այլ վայրեր, ինչպիսին <<Պոնչիկ-Մոնչիկ>>-ն է: Արմենուհու կարծիքով Գյումրեցիներին յուրահատուկ է դարձնում իրենց համեստությունը, բայց բուն քաղաքը յուրահատուկ է իր մշակութային դեմքերով, ինչպիսիք են գրողներն ու երաժիշտները:


Վաղարշակը քսանութ տարեկան է, ով, չնայած մասնագիտությամբ համակարգչային օպերատոր է, այժմ աշխատում է <<Պոնչիկ-Մոնչիկ>> սրճարանում: Մանուկ հասակում երազում էր բժիշկ դառնալ, սակայն համակարգչի հանդեպ սերը լիովին նրան մտափոխեց: Ութ տարի Երևանում բնակություն հաստատելուց հետո, նա կրկին վերադարձավ սիրելի քաղաքը, քանի որ, ինչպես նա է նշում, <<հոգով ու սրտով գյումրեցի է>>: Վախեր չունի, և իր մեծագույն ոգեշնչումն է համարում Աստծո ներկայությունն իր կյանքում: Ամենամեծ ձեռքբերում համարում է իր ընկերներին: Ամենաշատն անկեղծությունն է գնահատում մարդու մեջ: Նրա կարծիքով աշխատանքը մեծ դեր ունի մարդու կյանքում և ուրախ է, որ ինքը ևս աշխատանք ունի: Սիրում է երաժշտություն և սպորտ: Մի քանի տարի զբաղվել է ըմբշամարտով: Դեռ վստահ չէ` որտեղ կլինի հինգ տարի հետո, բայց այժմ վայելում է իր աշխատանքն ու հաճելի աշխատանքային միջավայրն անձնակազմի հետ, այդ պատճառով էլ դեռ կցանկանար աշխատել այստեղ: Եթե ոչ Գյումրիում, ապա նա կապրեր միայն Վենետիկում, քանի որ շատ է սիրում այդ քաղաքն ու հատկապես իտալացիներին:
Վաղարշակը բոլորին խորհուրդ է տալիս այցելել Գյումրու բոլոր եկեղեցիները: Նա նաև հպարտանում է գյումրեցի դերասաններով: Շատ է հավանում Մհեր Մկրտչյանին, իսկ ժամանակակիցներից` Մկրտիչ Արզումանյանին: Վաղարշակի խոսքերով իսկական գյումրեցին պիտի լինի հյուընկալ:


Լյովան տասնհինգ տարեկան է, բայց արդեն առաջին կուրսի ուսանող է և ուսումնասիրում է ավտեմեխանիկա: Ներկա պահին աշխատում է Գյումրու <<Պոնչիկ-Մոնչիկ>> սրճարանում: Մանուկ հասակում երազել է դառնալ վարսահարդար: Կյանքում իր ամենամեծ ոգեշնչումն է համարում իր ծնողներին: Հինգ տարի անց ինքն իրեն պատկերացնում է ավելի առաջադեմ մասնագետ ավտոմեխանիկայի ոլորտում: Հույս ունի, որ կդառնա պիտանի մարդ իր ծնողների ու երկրի համար: Ունի շատ ընկերներ, և կարծում է ընկերության մեջ առաջնայինը շահ չհետապնդելն է: Ունի երեք քույր և մեկ եղբայր: Կյանքում ամենաշատը սիրում է ծնողներին: Նրան դուր է գալիս մեքենա վարելն ու լավ երաժշտություն ունկնդրելը: Սիրում է ընտանիքի հետ զբոսնել քաղաքում: Եթե ոչ Գյումրիում, ապա կցանկանար ապրել Նյու Յորքում:
Կարծում է հումորը գյումրեցիներին դարձնում է առանձնահատուկ: Ինքն էլ կյանքում փորձում է լինել կատակասեր: Լյովայի կարծիքով օտարերկրացիները պետք է այցելեն Գյումրու եկեղեցիներն ու հին փողոցները: Իսկ ողջ մարդկությանն հորդորում է դուրս գալ տներից և վայելել այս գեղեցիկ կյանքը:


Քսանվեցամյա Գոհարն աշխատում է <<Պոնչիկ-Մոնչիկ>> սրճարանում, չնայած երազում էր վարսահարդար կամ գրասենյակային աշխատող դառնալ: Մասնագիտությամբ խոհարար է, որը նույնպես եղել է իր մանուկ հասակի ցանկություններից մեկը: Մարդկային ուժն ու հավատն Աստծո նկատմամբ նրա ամենամեծ ոգեշնչումներն են: Սիրում է վարդագույնն ու սպիտակը, որովհետև իր կարծիքով սրանք մաքուր ու խաղաղ գույներն են:Սիրում է անկեղծությունն ու ընկերներ ընտրելուց փնտրում է հենց այս հատկանիշը: Ատում է, երբ մարդիկ նախանձում են: Սիրում է երաժշտության բոլոր տեսակները, բացի ջազից:
Գոհարը կցանկանար ապրել Լոս Անջելեսում: Չնայած ամենասիրելի քաղաքը Հայաստանում Երևանն է:
Իսկ արտերկրացիներին խորհուրդ է տալիս այցելել Գորկու այգի:


Հիսուներկուամյա Ֆլորան ծնվել է Գյումրիում: Նա Ավարտել է Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, մասնագիտությամբ քանոնահարուհի է: Տասնչորս տարի աշխատել է ուսումնարանում, որտեղ երեխաներին սովորեցրել է քանոն նվագել: Նա մի քանի տարի ապրել է Ռուսաստանում, քանի որ իննսունականների սկզբին կորցրել էր աշխատանքը: Վերադառնալուց հետո նա սկսել է աշխատել հենց այս սրճարանում: Սիրում է դասական և ժողովրդական երաժշտություն, ինչպես նաև ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ: Սիրելի հեղինակներից է Հրանտ Մաթևոսյանը: Տիկին Ֆլորան կարծում է, որ մասամբ իրականացրել է մանկության երազանքը, որը երաժիշտ դառնալն էր: Նա միշտ ոգեշնչված է եղել երաժիշտ Անժելա Աթաբեկյանով, ում էլ մանկուց երազում էր նմանվել և համարում էր իր իդեալը: Տիկին Ֆլորան ունի մեկ որդի, ով այժմ հայոց բանակի զինվոր է: Նրա կարծիքով Գյումրին յուրահատուկ է դառնում գյումրեցիներով ու գյումրվա բարբառով: Մարդիկ Գյումրիում հյուընկալ ու անկեղծ են: Նա բոլորին հորդորում է այցելել Գյումրու թանգարանները, և հավաստիացնում, որ այս քաղաքում հրաշալի ժամանակ կանցկացնեն:
Որպես իսկական Գյումրեցի, Տիկին Ֆլորան իր բոլոր հնարավուրություներն՝ արտերկրում բնակություն հաստատելու, անտեսել է: Նրա մեծագույն երազանքն է կրկին տեսնել հին Լենինականը, որտեղ մարդիկ առավել երջանիկ էին: Բարի տիկինը աշխարհին ու հատկապես բոլոր զինվորներին ցանկացավ խաղաղ ու անամպ երկինք: