Գյումրու պետական դրամատիկական թատրոն

Գյումրու պետական դրամատիկական թատրոն

Երեսուներեքամյա Տիգրանը ծնվել է Գյումրիում` երաժշտի և բուժաշխատողի ընտանիքում: Պրն. Տիգրանի ընտանիքը միշտ կապված է եղել արվեստի ու մշակույթի հետ, որն էլ հետագայում հանգեցրել է նրան ընտրելու արվեստի կառավարումը ` որպես իր հետագա մասնագիտություն: Նրա խոսքով` թատրոնը մանկուց իր համար եղել է հեքիաթ և ֆենոմեն, որը նա միշտ ցանկացել է բացահայտել: Այժմ նա աշխատում է Գյումրու պետական դրամատիկական թատրոնում` որպես տնօրեն: Մեծագույն դժվարությունն իր աշխատանքի հետ կապված համարում է ճանապարհ գտնելը ամեն անգամ ավելի հետաքրքիր լինելու համար, որը թատրոնի գերնպատակն է: Պրն. Տիգրանը նաև նշում է, որ թատրոնը երկիր ու ազգություն չի ճանաչում ու որ թատրոնը ցանկացած երկրում էլ պահանջված է: Կյանքում փորձում է հետագայի համար ծրագրեր չկազմել: Ապրում է այսօրվա օրով ու հավատում է, որ վաղվա անելիքը հենց ինքը` վաղվա օրը ցույց կտա: Ամենամեծ վախը կորցնելու վախն է: Իսկ կյանքում իր ոգեշնչումն է համարում սերը: Կյանքում սիրում է գույները, ամենասիրելիները վառ գույներն են: Եթե ոչ Գյումրիում, ապա նա իրեն տեսնում է էլի Գյումրիում: Ըստ պրն. Տիգրանի` իսկական գյումրեցին պետք է լինի թասիբով, հումորով ու նամուսով: Գյումրիում սիրած վայրը թատրոնն է: Իսկ ամենաշատը Գյումրիում սիրում է կոլորիտը: Ըստ պրն. Տիգրանի` ցանկացած մեկը Գյումրիում պիտի տեսնի Սև բերդը, գյումրու կենցաղի թանգարանն ու <<Սլոբոդկա թաղամասը>>: Սակայն պրն. Տիգրանը հավատացնում է, որ յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ պիտի այցելի Գյումրու պետական դրամատիկական թատրոն:


Գոհարն է, քառասուն տարեկան, Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս: Թեև ծնունդով երևանցի է, բայց 2001–ից ապրում ու ստեղծագործական կյանքն է վարում Գյումրիում: Դեռ ուսանող տարիքում աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: Մի պահ ցանկացել է ապրել ու աշխատել ԼՂՀ-ում, սակայն վերջապես երկար որոնումները նրան ուղեկցեցին հայրաքաղաք Գյումրի: Տկն. Գոհարը նշում է, որ իր դասախոսներն իրեն ուղղորդեցին դեպի արվեստի դարբնոց, որտեղ էլ երիտասարդ դերասանուհին դեռ պիտի կայանար: Նշանավոր է համարում մի գլխավոր դեր, որը Անժելայի կերպարն էր <<Գնա մեռի, արի սիրեմ>> ներկայացման մեջ: Չունի ամենասիրելի դեր, քանի որ նրա նշելով` յուրաքանչյուր դեր կերտելը <<երկունքի պրոցես է>>: Չնայած մանկուց է երազել դառնալ դերասանուհի, սակայն տկն. Գոհարը հավատացնում է, որ դերասան ծնվում են: Սակայն, ինչպես տկն. Գոհարն է նշում, ոգեշնչման ազբյուրը հեռուստաթատրոնն է եղել, որը, ցավոք, այսօր մեր էկրաններում չէ: Հույս ունի` հինգ տարուց ամեն ինչ ավելի պայծառ ու ավելի լավը կլինի:Գոհարին ընտանիք է հիշեցնում եռացրած թեյնիկը: Նույնիսկ երբ ամուսնացած չէր, իր համար թեյնիկներ էր գնում, ու երբ եռում էր թեյնիկը, նա իրեն ընտանիքում էր զգում ու մի տեսակ երջանիկ: Հայրը շինարար է, մայրը` ատամնաբուժական լաբորատոր աշխատող, քույրը` հայոց լեզվի մասնագետ, իսկ եղբայրը` իրավաբան: Ընտանիքում միայն պապիկի քույրը` Խանումն է եղել դերասանուհի, որի մասին տկն. Գոհարը միայն տարիներ առաջ հայտնաբերեց: Տկն. Գոհարի ամուսինը ճարտարագետ է, ունի նաև արու զավակ: Տկն. Գոհարը կարծում է, որ թատրոնը պահանջկոտ է ու չի սիրում սիրեկաններ: Ըստ Գոհարի` թատրոնին միայն անհրաժեշտ է մշտական սեր:
Տկն. Գոհարի համար կյանքը դեռ նոր է սկսվում, բայց կյանքում ձեռքբերում համարում է հենց կյանքը: <<Եթե ոչ Գյումրիում, ուրեմն էլի Գյումրիում>>, – ասում է նա: Ըստ տկն. Գոհարի` <<Գյումրիում շատ են Աստված ու տիեզերքը>>: Կյանքում կվերացներ բոլոր հիվանդությունները, իսկ մարդկանց մեջ` տգիտությունը:


Լիլիթը երեսուներեք տարեկան է, ով Գյումրու թատրոնում աշխատում է որպես տնօրենի օգնական: Մասնագիտությամբ ռեժիսոր է, թեպետ ադմինիստրատիվ գործն իրեն շատ է դուր գալիս: Մանուկ Լիլիթը ցանկանում էր դառնալ դերասանուհի կամ երգչուհի, սակայն երազանքն իրականացրել է մասամբ, քանի որ ուսանողական տարիներին նաև բեմ է բարձրացել: Լիլիթի ընտանիքը փոքր է. մայրը, հայրը, քույրն ու կատուն: Ոգեշնչվում է լավ մարդկանցից, լավ եղանակից ու դրական երիտասարդությունից: Վախենում է անկանխատեսելիությունից: Ներկայիս աշխատանքն ու ընկերները իր մեծագույն ձեռքբերումներն են: Հինգ տարուց իրեն կցանկանար տեսնել Երևանում, թեպետ կոնկրետ ոլորտը դեռ չի պատկերացնում: Լիլիթը նշում է, որ եթե փնտրես ինչ-որ բան, ցանկացած տեղում էլ կգտնես, սակայն ավելի շատ փորձ ձեռք բերելու նպատակով միայն Լիլիթը կցանկանար տեղափոխվել մայրաքաղաք: Եվրոպական երկրներից նախընտրում է Իսպանիան ու Իտալիան: Ըստ Լիլիթի` իսկական գյումրեցին պիտի լինի հումորով: Սիրում է Գյումրու Կումայրի արգելոցը, ու նաև կարծում է, որ լավագույն վայրերից է, որ պիտի այլազգիներն այցելեն: Իսկ թե ինչ կտանեն մյուսները Գյումրիից, Լիլիթը պատասխանեց` հնություն: Գյումրին կցանկանար ավելի մաքուր տեսնել, աշխարհոը` խաղաղ: Իսկ առհասարակ մարդկանց խորհուրդ է տալիս երբեք չկորցնել հավատը:


Պրն. Լյուդվիգը Գյումրու պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորն է: Երեսունչորսամյա ռեժիսորն ամուսնացած է և ունի երկու դուստր: Երազանքը թատրոնում լինելը չի եղել, միայն տասներորդ դասարանում է սկսել սեր տածել թատրոնի հանդեպ, թեև սկզբնական շրջանում թատրոնն ուղղակի հոբբի էր: Հինգ տարուց կուզենար կրկին լինել Գյումրիում, ավելի լավ Գյումրիում, էլի թատրոնում ու իհարկե էլի իր ընտանիքի կողքին: Սարսափում է բարձրությունից: Կյանքում ամենաշատն իրեն ուժ է տալիս հավատը: Իր ցանկություններից մեկն է Գյումրու թատրոնը դարձնել ճանաչելի Հայաստանի սահմաններից դուրս, քանի որ այս թատրոնը <<աշխարհին ներկայանալի թատրոն է>>: Կյանքում կցանկանար վերացնել պատերազմներն ու հատկապես ատելությունն ու թշնամությունը: Չնայած տարբեր կրոններին ու ազգություններին` պրն. Լյուդվիգը ցանկանում է աշխարհը լիովին խաղաղ տեսնել` առանց որևէ սահմանների:
Ըստ պրն. Լյուդվիգի` իսկական գյումրեցին պետք է լինի հպարտ, թասիբով, աշխատասեր, հումորով ու ամենակարևորը` հավատով: Գյումրեցուն շատ բնորոշ հատկություն է համարում <<վշտի միջից ծիծաղելը>>: Եթե ոչ Գյումրիում, ապա իր տունը էլի միայն Գյումրիում է, թեև դեմ չէ երբեմն այլ վայրեր այցելելուն:
Ռեժիսորը կյանքում ամենից շատ սիրում է կյանքը: Ամենամեծ ձեռքբերումը կարիերայում համարում է իր աշխատանքը, ընտանիքում` զավակները, իսկ կյանքում` հայ լինելը:


Քառասնամյա Տիգրանը Գյումրու պետական դրամատիկական թատրոնում աշխատում է որպես փոխտնօրեն` մենեջմենտի գծով, թեև մասնագիտությամբ հոգեբան է: Ինչպես բոլոր փոքրիկները, մանուկ հասակում պրն. Տիգրանը ևս ցանկանում էր դառնալ բժիշկ, թեպետ ինքը չի հիշում, ծնողներն են պատմում: Ծառայությունն ավարտելուց հետո միանգամից սկսել է սովորել ու միաժամանակ աշխատել : Երկար տարիներ աշխատել է ՑԱՅԳ մարզային հեռուստատեսությունում նախ որպես եթերի օպերատոր, հետո` ծրարգրերի բաժնի ղեկավար, ապա ստուդիայի գլխավոր ռեժիսոր: Թեև որպես հոգեբան երբևէ չի աշխատել, սակայն մասնագիտությունն իրեն շատ է օգնել հետագա բնագավառների ու մարդկանց հետ շփման հարցում: Կապը Գյումրու թատրոնի հետ եղել է գրեթե միշտ, բայց սկսել է աշխատել այստեղ միայն 2017-ից: Պրն. Տիգրանն ամուսնացած է և ապրում է կնոջ, երեխաների ու ծնողների հետ: Կյանքում նրան ոգեշնչում են ցանկացած տեսակի հաջողությունները: Ամենաշատը վախենում է սահմանում տիրող դրությունից: Ամենամեծ ձեռքբերումը կյանքում իր երկու որդիներն են: Հինգ տարուց իրեն պատկերացնում է կրկին Հայաստանում, իսկ թե որտեղ, եթե ոչ Գյումրիում, նա սիրով պատասխանեց` Գյումրիում: Ըստ պրն. Տիգրանի` Գյումրեցին պիտի լինի պատվախնդիր, նամուսով ու իր խոսքի տերը: Ամենասիրելի վայրերը Գյումրիում Կումայրի արգելոցը, Սայաթ-Նովա ու Ռիժկով փողոցներն են: Ըստ պրն. Տիգրանի` Գյումրին պատմություն ունեցող քաղաք է, ու եթե մեկը ցանկանում է բացահայտել Գյումրին, ամենաաղբաշատ վայրից մինչև ամենամաքուր ու գեղեցիկ հրապարակներով պիտի շրջի: Նրա հիշողությունում արթուն է նաև մինչերկրաշարժյան Գյումրին ու նա սիրով է հիշում հին ու բարի զբոսանքները ընտանիքի հետ:
Պրն. Տիգրանը կարծում է, որ Հայաստանի ներկայիս խնդիրները սահմանային դրությունն ու արտագաղթն են, ինչն էլ նա կցանկանար փոխել իր երկրում:


Ջեմման քսաներկու տարեկան է, ով վերջերս է Կապանից տեղափոխվել Գյումրի: Մասնագիտությամբ դերասանուհի է, թեև մանկուց երազում էր դառնալ պարուհի, քանի որ ծնողները նույնպես պարողներ են: Ունի եղբայր, ով նույնես ընտրել է ծնողների ուղին: Ջեմման հինգ տարուց իրեն տեսնում է կրկին բեմում, ու կարծում է, որ Գյումրու թատրոնի բեմն արդեն իսկ իր համար մեծ բեմ է: Ամենասիրելի դերը Կատերինա Պետրովնայի դերն է եղել, սակայն Ջեմմայի կարծիքով ամենաաննշան դերը նույնիսկ շատ հարազատ է դառնում: Ամենամեծ ոգեշնչումը բնությունն է, չնայած իր ընկերներն ու ընտանիքը նույնպես շատ են ոգևորում երիտասարդ դերասանուհուն: Վախենում է միայնակությունից: Ապրել է Կապանում, Երևանում, իսկ հիմա` Գյումրիում: Ու չնայած դեռ նոր է ծանոթանում քաղաքի հետ, բայց արդեն կարծում է, որ բացի Գյումրիից, միանշանակ էլի նախընտրում է Գյումրին: Ի տարբերություն իր հասակակիցների` Ջեմման չի երազում Եվրոպական քաղաքների մասին, այլ ցանկանում է գոնե մեկ անգամ լինել Թբիլիսիում: Գյումրիում սիրում է հին փողոցները, երբեմն ցանկանում է <<խոնարհվել փողոցների առաջ, հարգել ու նույնիսկ <<դուք>>-ով խոսել դրանց մասին>>: Սիրում է հատկապես <<Սլոբոդկա>> թաղամասը, որտեղ կարելի է ծանոթանալ արդեն հասուն քաղաքի հետ: Գյումրիում կփոխեր ժամային գրաֆիկը, քանզի Ջեմմային դուր չի գալիս, որ քաղաքը շուտ է քնում: Իսկական գյումրեցին ըստ Ջեմմայի պետք է լինի մարդ, ով իր մեջ կրում է արվեստ: Դրական էմոցիաներով լի դերասանուհին մարդկանց հավաստիացնում է. <<Թևեր կան, միայն թռչեք>>: