Թումո

Թումո

Նարեն 29 տարեկան է: Նա արդեն 2 տարի է, ինչ Գյումրու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մենեջերն է: Նարեն սովորել է կենսաբանություն և հոգեբանություն ԱՄՆ-ում: Համալսարանն ավարտելուց հետո եկել է Հայաստան 3 ամսով և ավագ դպրոցականներին դասավանդել է անգլերեն Հրազդան քաղաքում:Այնուհետև, վերդառնալով ԱՄՆ` նա սկսել է աշխատել աուտիզմ ունեցող երեխաների հետ: Այս ընթացքում նա հասկացավ, որ նույնը կարող է անել հայ երեխաների համար և առանց վարանելու առանց հետադարձի ինքնաթիռի տոմս գնեց և կրկին մեկնեց դեպի Հայաստան:
Նրա առաջին շփումը Թումոյի հետ եղավ ամառային ճամբարի ժամանակ, որտեղ նա աշխատում էր որպես ճամբարի համակարգող: Ճամբարից հետո նա Թումոյի մարզիչների մենեջերն էր: Հենց այս ընթացքում է, որ նա սկսեց սիրել իր աշխատանքը և ինչպես ինքն է բնութագրում. «Սա մի գործիք է, որ հնարավորություն է տալիս ինչ-որ բան փոխել`փոխել մի ամբողջ սերունդ»:
Իր բնույթով նա սիրում է ընտրել այն ուղին, որ լի է մարտահրավերներով: Ուստի երբ Գյումրիում բացվեց Թումոյի նոր կենտրոնը, նա որոշեց, որ Գյումրին հենց այն տեղն է, որտեղ պետք է աշխատի: Նրա աշխատանքը Գյումրիու կենտրոնում է մի հիասքանչ փորձ է, քանի որ նա սիրում է երեխաների հետ աշխատել: Նարեի համար ամենակարևորը սովորելն է և անել մի բան, որ իմաստալից է և սնուցում է իր հոգին: Նրա ներկա ամենամեծ մարտահրավերը Գյումրու Թումոյի ընդլայնումն է ու զարգացումն է, ինչպես նաև երիտասարդ մարզիչների համար օրինակ ծառայելն է:
Ազատ ժամանակ Նարեն սիրում է նոր բան սովորել և ուսումնասիրել: Շատ է սիրում բլյուզ երաժշտություն և կենդանի համերգների գնալ: Սակայն իր ամենասիրելի զբաղմունքը դարձել լեռնագնացությունը այն բանից հետո, երբ 2013թ.-ին մագլցեց Արարատ լեռը: Սա նրա կյանքի ամենամեծ ձեռքբերումն է :
Այն հարցին, թե ինչն է ամենաշատը հավանում Գյումրիում, Նարեն նշեց քաղաքի կոլորիտը, մարդկանց կիրքը աշխատանքի և սովորելու նկատմամբ, ինչպես նաև բնույթով պահանջկոտ լինելը, որը իր հերթին մի նոր մարտահրավեր է իր համար:
Մենք շատ ուրախ ենք և հպարտ, որ Նարեի նման խանդավառ ու նվիրված երիտասարդ է զբաղվում Գյումրու երիտասարդ սերունդի կրթությամբ:



Էդգարը 24 տարեկան է: Նա Թումոյում աշխատում է արդեն մոտ 1 տարի: Մասնագիտությամբ հաշվապահ է և իր մասնագիտությամբ աշխատել է որոշ ժամանակ, սակայն հասկացել է, որ հաշվապահությունը իրենը չէ: Եվ հենց Թումոյի շնորհիվ է նրան պարզ դարձել, թե ինչն է ավելի հոգեհարազատ և որ ոլորտում է տեսնում իր հետագա գործունեությունը: Նա իր առջև նպատակ է դրել սովորել և ուսումնասիրել ծրագրավորում, ինչն էլ սիրում է անել ազատ ժամանակ:
Երեխաների հետ աշխատելու փորձը Էդգարը մեծ ձեռքբերում է համարում: Թեև ինքը ուսուցանող մարզիչ է, սակայն մեծ ոգևորությամբ է նշում, որ ինքն էլ իր հերթին շատ բան է սովորում իր ուսանողներից: Նրանցից յուրաքանչյուրը առանձնահատուկ է, ինքնատիպ, և ամեն մեկից կարելի է ինչ-որ նոր բան քաղել:
Գյումրին նա տեսնում է որպես ապրելու տեղ, սակայն ոչ հետագա ուսումը շարունակելու կամ աշխատանքային գործունեություն ծավալելու վայր: Նա կնախընտեր ապրել երկրից դուրս, որտեղ կրթությունը ավելի որակյալ է, իսկ աշխատանքը` ավելի բարձր գնահատվող:
Գյումրեցիներրի մոտ սիրում է նրանց մտածելակերպը, չնայած շատ ու շատ բացասական կողմերին: Նրա կարծիքով որոշ մարդիկ «հին» կերպ են մտածում, իսկ նա կցանկանար, որ Գյումրեցինը, հինը պահելով և պահպանելով, նաև ընդառաջ գնային «նորին» և «ժամանակակիցին»: Հենց այդ հատկանիշն է նա սիրում Գյումրեցինի մեջ, որ շատերը հետ չեն մնում ժամանակից, քայլում են դրան համահունչ և փորձում են ձեռք բերել նորարար գիտելիքներ, բայց դրա հետ մեկտեղ պահպանում են իրենց ավանդականը և հայկականը:



Արմենը 17 տարեկան է: Նա սովորում է Թումոյում արդեն 1.5 տարուց ավելի: Նրա համար դասընթաներն ու միջավայրն այնքան հաճելի են, որ ժամանակի մեծ մասն անցկացնում է հենց այստեղ:
Արմենը ցանկանում էր դառնալ տնտեսագետ, սակայն Թումոն մեծ ազդեցություն է ունեցել մասնագիտական կողմնորոշման հարցում, ու այժմ որոշել է դառնալ ծրագրավորող ու ընդունվել Կիբեռնետիկա բաժինը: Թումոն նաև մեծ ազդեցություն է ունեցել իր բնավորության ձևավորման վրա:
Արմենի կարծքիքով Թումոն որպես կրթական համակարգ ավելի նախընտրելի է իր համար, քան դպրոցը: Այստեղ մարզիչների ու դասընթացավարների օգնությամբ ուսանողները կարող են ավելի արդյունավետ սովորել և ձեռք բերել ընդհանուր զարգացվածություն: Նա նաև կատակով նշեց, որ կցանկանար Թումոն դառնար պարտադիր, իսկ դպրոցը՝ ըստ ցանկության:
Բացի ակտիվ ուսանող լինելուց Արմենը ազատ ժամանակ սիրում է նկարել, լսել երաժշտություն, խաղալ ֆուտբոլ և զբաղվել կամավորական աշխատանքներով:
Գյումրիում ամենաշատը սիրում է հին Աճեմյան փողոցը, իսկ գյումրեցիների մեջ՝ հումորը:

Հայկուհին 21 տարեկան է : Գյումրիում նրան բոլորը գիտեն որպես ակտիվ, եռանդուն ու գանգրահեր երիտասարդի:
Նախքան Թումոյում աշխատանքի անցնելը Հայկուհին ամառային մի ճամբարում ջոկատավար է եղել ու այդ ընթացքում շատ է սկսել սիրել երեխաների հետ աշխատելը: Ու երբ տեսել է Գյումրու Թումոյում մարզիչի աշխատանքի հայտարարությունը, նա առանց վարանելու դիմել է և ընդունվել: Այս տարի արդեն լրանում է իր աշխատանքի երկու տարին:
Նրա կարծիքով Թումոն երեխաների համար իրական հնարավորություն է իրենց մեջ կուտակված պոտենցիալը օգտագործելու համար: Շատ երեխաների ունեն բարդույթներ, հատկապես ուսման մեջ հաջողվելու ինքնավստահության պակաս, սակայն Թումոն հենց այն տեղն է, որտեղ անկախ դպրոցի գնահատականներից բոլոր երեխաները ունեն հավասար հնարավորություններ սովորելու և գնահատված լինելու: Իրենց` մարզիչների հիմնական առաքելությունն է համարում երեխաների մեջ թաքնված պոտենցիալը բացահայտելը, ուղղորդելը և հուսահատության դեպքում քաջալերելը: Իսկ աշխատանքի ամենադժվար կողմը համարում է հոգեբան լինելը, քանի որ երեխաները տարբեր տարիքի են, չկրկնվող բնավորություններով և վարքագծով:
Գյումրիում ամենաշատը սիրում է հին կոլորիտով փողոցները և Գյումրին համարում է այն հազվադեպ քաղաքներից մեկը, որն ունի իր “դեմքը, համն ու հոտը”: Շատ է սիրում իր քաղաք, և եթե հնարավորություն լիներ հենց Գյումրիում առաջ գնալու և պոտենցիալը օգտագործելու, ապա կուզենար ապագայում մնալ քաղաքում: Սակայն կուզենար նաև սովորել կամ աշխատել մեկ այլ քաղաքում կամ երկրում, որ հետագայում կուտակված գիտելիքներըը և փորձը կարողանար ծառայեցնել հայրենի քաղաքին:



Գևորգը 19 տարեկան Է: Նա սովորում է ՀՊՏՀ Գյումրու մասնճյուղում՝ Ֆինանսներ և Վարկ բաժնում: Եղել է Թումոյի սաներից: Ավարտելուց հետո արդեն 1.5 տարի է, ինչ աշխատում է որպես ուսուցանող մարզիչ: Գիտելիքները, կապված ՏՏ ոլորտի հետ, հատկապես ծրագրավորում ու ցանցային ադմինիստրացիա, խորացրել է հենց այստեղ: Թումույում աշխատելու իր ձեռքբերումներից է համարում փորձը և շփումը պատանիների հետ:
Թումոն նպաստել է նոր մասնագիտության ձեռքբերմանը և կարիերայի զարգացմանը և ապագայում իրեն տեսնում է որպես ՏՏ մասնագետ՝ ցանցային ադմինիստրատոր կամ ծրագրավորող:
Գևորգի երազանքն է աշխատել Google-ում, իսկ հետո որպես փորձառու մասնագետ մի քանի տարի անց հետ վերադառնալ Գյումրի ու կիսվել գիտելիքներով ու փորձով:
Ազատ ժամանակ սիրում է զբաղվել սեղանի թենիսով և սովորելով:
Գյումրեցիների մեջ ամենաշատը սիրում է նրանց հոգատարությունը, ովքեր ցանկացած պահի պատրաստ են օգնել միմյանց:



Գայանեն 16 տարեկան է : Նա սովորում է Թումոյում արդեն մոտ 2 տարի: Թումոյում ուսանողական տարիները նրան տվել են բազում հնարավորություններ ու գիտելիքներ, որոնք, համոզված է, չէր կարողանա սովորել որևէ այլ տեղում: Գլխավոր բաժինը, որն ընտրել է, ֆիլմերի ստեղծումն է: Այս պահին նկարահանում են վավերագրական մի ֆիլմ, որը Դրամատիկական թատորոնի ներկայացումներից մեկի՝ “Փարիզը վտանգավոր քաղաք է” ներկայացման մասին է: Սիրում է նաև գրաֆիկ դիզայն, քանի որ կարողանում է շատ լավ նկարել:
Քանի որ ծնողներից մեկը լուսանկարիչ է, իսկ մյուսը՝ երաժիշտ, նրանք սիրով ընդունել են նրա ստեղծարար մասնագիտության ընտրությունը: Նպատակն է դառնալ շուկայաբան, իսկ իր ընտրած բաժիններն էլ կարող են նպաստել լինել ստեղծարար շուկայաբանության մեջ:
Գայանեն ազատ ժամանակը սիրում է անցկացնել Թումոյում, նկարել, դաշնամուր նվագել և ֆիլմեր դիտել: Ցանկանում է ճանապարհորդել տարբեր երկրներով՝ նոր լեզուներ, նոր մշակույթ սովորելու և ուսումնասիրելու համար:
Գյումրիում սիրում է հին փողոցներն ու այն վայրերը, որտեղ նկարվել են հայկական ֆիլմերը:Սիրում է հյուրընկալ գյումրեցուն, ում ջերմությունը զգացվում է նույնիսկ փողոցով անցնելիս:


Նախաձեռնողներ` Թոնգ Դո, Գրետա Մովսեսյան, Լիլիթ Բրոյան
Լուսանկարիչ` Թոնգ Դո